Monday, September 20, 2010

Պոնտոսից Հայաստան

9 տարեկանում երբ Հունաստանը կազմակերպում էր ճամբարային հանգիստ աշխարհում բնակվող բոլոր ծագումով հույն երեխաների համար, այդ ժամանակավանից իմացա իմ հունական արմատների մասին: Որքան մեծացա այդքան ավելի շատ սկսեցի հետաքրքրվել հունական ծագումովս:


Դրա շնորհիվ է, որ հիմա շատ ավելի բան գիտեմ հունական արմատներիս մասին: Իմ նախնիները Պոնտոսի հույներ էին:

Պոնտոսը Բյուզանդական վերջին տարածքն էր, որն ընկավ թուրք օսմանների ձեռքը Կոստանդնուպոլիսն ընկնելուց հետո: 1461 թվին թուրքերը գրավեցին Տրապիզոն քաղաքը, որն էլ նշանակում էր Պոնտոսի ազատության կորուստ:

Պոնտոսը գտնվում էր Փոքր Ասիայի տարածքում Սև ծովի հարավ-արևելքում: Այդ ժամանակ ծովն անվանվում էր Պոնտոսի ծով (Պոնտոս նշանակում է ծով և հույները դրականորեն էին վերաբերվում այդ փակ ծովին` ի տարբերություն մյուս ազգերի, որոնք ծովը համարում էին անհյուրընկալ): Փոքր Ասիայում հույները ապրել են դեռևս առաջին հազարամյակում Քրիստոսից առաջ:

20-րդ դարի սկզբին Պոնտոսում ապրում էր մոտ 700000 հույն: Այդ ժամանակ հույները ուզում էին ստեղծել 2-րդ ազգային հունական անկախ պետությունը, որի տարածքն էր 78.000 քկմ և ըստ եկեղեցական դրվածքի ուներ 7 մարզեր, որտեղ կային 1830 եկեղեցիներ և 1330 դպրոցներ, որոնցից 153` օրիորդաց:

Պոնտոսի հույները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, մետալուրգիայով, բժշկագիտությամբ, ճարտարագիտությամբ, արվեստով ու մշակույթով, առևտրով և այլն:

Բալկանյան պատերազմի ժամանակ 1912, 1913 թվականներին Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո երիտթուրքերի առաջնորդ Քեմալ Աթաթուրքի հեղափոխական կառավարությունը որոշեց ի կատար ածել 1911 թվի որոշումը` Արևելյան պրոբլեմի հարցի լուծումը, այն է ` տեղահան անել ոչ-ազգային մտածելակերպի ժողովուրդներին` քրիստոնյաներին: 1914 թվին սկսվեցին Իոնիայի, Արևելյան Թրակիայի, Պոնտոսի հույների տեղահանությունները:

1915 թ. հայերի կոտորածից հետո սկսվեց հույների մասսայական տեղահանումները, կոտորածն և բնաջնջումը: 1914-1918 թթ. բնաջնջվեցին 235556 հույն: 1919 մայիսի 19-ին Քեմալ փաշան դեսանտ իջեցրեց Սամսունդ քաղաք և 1922 թ. զոհվածների թիվը հասավ 303238 մարդու: Այս ամենին նպաստում էին 1-ին Համաշխարհային պատերազմի մասնակից հզոր տերությունները, որոնք չէին ուզում հակառակվել Թուրքիային: 1914-1923 թթ. Պոնտացի հույների զոհերի քանակը հասավ 353.000 մարդու, ամբողջովին ոչնչացվեցին 1134 եկեղեցիներ, 960 դպրոցներ, ողջ մնացածները ապաստան գտան Սովետական միությունում, Հունաստանում, սփռվեցին աշխարհով մեկ:

Իմ մայրական պապիկս էլ, ով այն տարիներին դեռ փոքր էր, իր ընտանիքի հետ ապաստան գտավ Հայաստանում, որն էլ դարձավ նրա երկրորդ հայրենիքը:

Տարիներ հետո միայն մեր պատմական հարենիքը` Հունաստանը, գնահատական տվեց պատմության արյունալի այս էջերին: 1994 թ. փետրվարի 24-ին Հունաստանի ազգային ժողովը միաձայն ընդունեց Փոքր Ասիայի հույների կոտորածը և մայիսի 19-ը հայտարարվեց զոհերի հիշատակման օր:



Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com