Friday, August 27, 2010

Հունական եկեղեցին եւ հունական պարը


Այս տարի օգոստոսի 19-24-ը Հունական համայնքի երիտասարդներս Հայաստանի ազգային փոքրամասնությունների մյուս համայնքների երիտասարդների հետ հանդուրժողականություն էինք կառուցում Լուսակերտում:


«Հանդուրժողականության կառուցում» ամառային ճամբարում չհասցրի մի լավ հանգստանալ, քանի որ նաեւ տանջվեցի` մինչեւ ընկերներիս սովորեցրի Սիրտակի պարել:

Բայց հիմա չեմ ափսոսում հոգենլուս համար, քանի որ Սիրտակին դարձավ մեր բոլորիս հանդուրժողականության պարը: Ճամբարի փակմանը բոլորս միասին պարեցինք այն, եւ, ես շատ ուրախացա, որ պարը սպասվածից լավ ստացվեց:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հանդուրժողականության կառուցում» ճամբարի նպատակն էր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին համախմբել հանդուրժողականության մթնոլորտում, ինչպես նաեւ ծանոթացնել միմյանց մշակույթին:

Հունական համայնքը ներկայացնում էինք երեքով` ես` Արթուր Խաչատրյանս, Նիկոլայ Նիկոլաիդին եւ Նինա Ասլանյանը: Մենք ոչ միայն ներկայացրինք հունական մշակույթը (պար, երգ), այլեւ Հունաստանի պատմության մի քանի էջեր բացեցինք ներկաներին: Պատմեցինք, թե ինչպես են Էգեյան ծովն ու Աթենքը ստացել իրենց անվանումը, ինչպես է առաջացել առաջին հույնը` Էլլինասը, եւ այլն:

Ճամբարը ինձ համար նաեւ մի զարմանալի ու հետաքրքիր հայտնագործության առիթ դարձավ: Օգոստոսի 22-ին` կիրակի, բոլոր մասնակիցներս որոշեցինք գնալ Լուսակերտի շրջակայքում գտնվող եկեղեցիներից մեկը` պատարագ լսելու: Երբ հասանք, պարզվեց, որ պատարագ չէր լինելու:


Բայց այցելությունը ինձ համար ապարդյուն չանցավ,քանի որ ես եկեղեցու պատին կարդացի, որ այն հունական եկեղեցի է:1400 թվականին Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ ավերված այս եկեղեցին վերակառուցել են բերձենները (հույներ) 1888-90 թվականներին:

Բերձենները Պոնտոսում ապրող հույներ էին, որոնք իրենց անվանումը ստացել են վրացերեն Պերզենեշվիլի բառից, ինչը թարգմանաբար նշանակում է իմաստունների որդիներ:




Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com

Thursday, August 12, 2010

Այցելություն Յաղդան


Ես ծագումով հույն եմ ու ինձ համար միշտ հետաքրքիր է եղել իմանալ` ինչպես են ապրում Պոնտոսից Հայաստան գաղթած հույները` պոնտիները:

Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Ֆրոնտիկ Նիկոլաիդիի հրավերով գնացել էի Յաղդան` Հայաստանի հույնաբնակ գյուղերից մեկը: Այն գտնվում է Լոռու մարզում, Ստեփանավան քաղաքի մոտ:

Հենց ասֆալտապատ ճանապարհն ավարտվեց` սկիզբ առավ գյուղի դժվարանցանելի ճանապարհը: Սակայն իշխանությունների անուշադրության պատճառով վատ վիճակում գտնվող ճանապարհը չփչացրեց գյուղից ստացածս առաջին տպավորությունները:
Մաքուր օդ, հրաշք բնություն, անտառ, որ հենց հույներն են տնկել, ու այս ամենը ես վայելում էի 8 օր շարունակ:

Երկրորդ օրը ընկերներիս հետ բարձրացանք Յաղդանի խորհրդանիշը համարվող, գյուղում շատ հայտնի «քարը» տեսնելու: Այն գյուղից բավական բարձր էր` սարի գագաթին` միայն 3 ժամ բարձրանում էինք:

«Խորհրդանիշ-քարը» ավելի շուտ հսկա մի ժայռաբեկոր էր, իսկ դրա վրա կանգնած, վերևից գյուղին նայելը` անչափ հետաքրքիր էր:

Յաղդանում բնակվող ավելի քան 200 ընտանիքներից միայն 30-ն են հույներ: Այնինչ, Խորհրդային տարիներին Յաղդանում միայն հույներ էին ապրում: Գյուղի բնակիչների մեծամասնությունը անգամ հայերեն չգիտեր:

1990-ականերից սկսած, երբ Հունաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Խորհրդային միությունում բնակվող բոլոր հույները կարող են վերադառնալ Հունաստան, Յաղդանի հույն բնակիչներն էլ շտապեցին իրենց պատմական հայրենիք: Հիմա Յաղդանի տների մեծ մասը լքված է, գյուղն էլ նախկին խնամված տեսքը չունի…