Monday, August 29, 2011

Ճանապարհ Դեպի Տրապիզոն


Ինչպես ամեն տարի, այդպես էլ այս անգամ Տրապիզոնը իր մոտ էր հրավիրել աշխարհում բնակվող բոլոր հույն-պոնտիներին օգոստոսի 15 – ին Սուրբ Աստվածամոր տոնը նշելու: Քանի որ, այդ քաղաքը եղել է հունական և գտնվել է Պոնտոսի տարածքում, դրա համար էլ այդտեղ բնակվող հույները կոչվում էին
պոնտիներ: Իսկ մենք Հայաստանում բնակվող
հույներս նույնպես ստացել էինք հրավեր այդ միջոցառմանը մասնակցելու համար:

Հայաստանից 14 հոգով ճանապարհ ընկանք դեպի Թուրքիա, տեսնելու մեր պապենական հողերը: Ճանապարհը բավականին հետաքրքիր էր և ավելի հետաքրքրացավ հատկապես այն ժամանակ երբ Վրաստանից մեզ միացան Վրաստանում բնակվող հույները և Ադրբեջանի հույները:

Հայաստանում ես ում պատմում էի այդ մասին, բոլորը զարմանքով նայում էին վրաս թե ինչպես կարելի է ադրբեջանցիների հետ ճանապարհ ընկնել, իսկ ես նրանց բացատրում էի, որ նրանք ադրբեջանցի չեն, այլ Ադրբեջանում ապրող հույներ, որոնց նախնիները նույնպես ապրել են Տրապիզոնում, և ինչպես մենք այնպես էլ նրանք եկել էին տեսնելու իրենց պապենական հողերը:

Թուրքիա հասնելուն պես տեղավորվեցինք հյուրանոցում, և մի քանի ժամ հետո պետք է գնաինք էքսկուրսիայի ամբողջ քաղաքով մեկ: Ամեն մի խմբի համար տրամադրել էին միկրո-ավտոբուսներ և բնականաբար վարորդն էլ թուրք: Երբ վարորդը իմացավ որ մենք Հայաստանից ենք, շատ ուրախացավ, որը ճիշտն ասած շատ զարմանալի էր: Եվ ամբողջ ճանապարհի ընթացքում միացրել էր թուրքական երաժշտություն, մենք էլ ստիպված լսում էինք: Այդ ամենը տեսեք վիդեոյում:

Մեզ նաև տարան Տրապիզոնում գտնվող Սոֆիայի սուրբ տաճարը,որը շատ հրաշալի էր: Չնայած նրան, որ հիացել էինք այդ տաճարով այնտեղ նաև հայտնաբերեցինք հայկական գրեր: Իսկ այդ երեկոյան պետք է մասնակցեինք փառատոնի: Փառատոն, որտեղ բոլորը հույներ են, և պատկերացրեք թե ինչպիսի հիանալի ժամանակ էինք անցկացնում այնտեղ, բոլորս մեկ մարդու նման պարում և ուրախանում էինք, որը որ բնորոշ է հույներին:

Իսկ արդեն հաջորդ օրը ճանապարհ ընկանք դեպի Պանագիա Սումելա` Սուրբ Աստվածամոր տաճար, որտեղ պետք է տեղի ունենար պատարագ և սա երկրորդ տարին է, որ թույլ են տալիս այնտեղ պատարագ անցկացնել: Անտառի միջով հրաշալի ճանապարհը մեզ տանում էր դեպի ժայռի գագաթը, որտեղ և մեզ էր սպասում Պանագիա Սումելան: Իսկ թե ինչպիսի տեսք ունի նա, դա ես չեմ կարող բացատրել, քանի որ յուրաքանչյուրը ինքն իր աչքերով պետք է տեսնի այդ հրաշքը:Պատարագի ավարտից հետո, ինչպես բոլորը այնպես էլ մենք ճանապարհ ընկանք դեպի տուն:

Եվ ես ևս մեկ անգամ ափսոսացի, որ այդ հրաշալի տարածքները մեզ չեն պատկանում:


:


Արթուր Խաչատրյան
arthurkharidis@gmail.com