Thursday, August 12, 2010

Այցելություն Յաղդան


Ես ծագումով հույն եմ ու ինձ համար միշտ հետաքրքիր է եղել իմանալ` ինչպես են ապրում Պոնտոսից Հայաստան գաղթած հույները` պոնտիները:

Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Ֆրոնտիկ Նիկոլաիդիի հրավերով գնացել էի Յաղդան` Հայաստանի հույնաբնակ գյուղերից մեկը: Այն գտնվում է Լոռու մարզում, Ստեփանավան քաղաքի մոտ:

Հենց ասֆալտապատ ճանապարհն ավարտվեց` սկիզբ առավ գյուղի դժվարանցանելի ճանապարհը: Սակայն իշխանությունների անուշադրության պատճառով վատ վիճակում գտնվող ճանապարհը չփչացրեց գյուղից ստացածս առաջին տպավորությունները:
Մաքուր օդ, հրաշք բնություն, անտառ, որ հենց հույներն են տնկել, ու այս ամենը ես վայելում էի 8 օր շարունակ:

Երկրորդ օրը ընկերներիս հետ բարձրացանք Յաղդանի խորհրդանիշը համարվող, գյուղում շատ հայտնի «քարը» տեսնելու: Այն գյուղից բավական բարձր էր` սարի գագաթին` միայն 3 ժամ բարձրանում էինք:

«Խորհրդանիշ-քարը» ավելի շուտ հսկա մի ժայռաբեկոր էր, իսկ դրա վրա կանգնած, վերևից գյուղին նայելը` անչափ հետաքրքիր էր:

Յաղդանում բնակվող ավելի քան 200 ընտանիքներից միայն 30-ն են հույներ: Այնինչ, Խորհրդային տարիներին Յաղդանում միայն հույներ էին ապրում: Գյուղի բնակիչների մեծամասնությունը անգամ հայերեն չգիտեր:

1990-ականերից սկսած, երբ Հունաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Խորհրդային միությունում բնակվող բոլոր հույները կարող են վերադառնալ Հունաստան, Յաղդանի հույն բնակիչներն էլ շտապեցին իրենց պատմական հայրենիք: Հիմա Յաղդանի տների մեծ մասը լքված է, գյուղն էլ նախկին խնամված տեսքը չունի…

No comments:

Post a Comment